05.07.2013

Իսկ ձմերուկը...



  Այս հյութեղ, քաղցր ու շատ օգտակար հատապտուղը  ծնողները հաճախ   վախենում են տալ երեխաներին, սակայն պահպանելով մի շարք կանոններ՝  այն  կարելի է հանգիստ ներառել փոքրիկի սննդակարգում   1-2  տարեկանում,   կարելի է նույնիսկ 8 ամսեկանից՝  փոքր չափաբաժիններով:   


 Նախ  պետք է իմանալ, որ ձմերուկը ալերգիկ չէ. պարզապես պետք է այն ուտել օգոստոս ամսից ոչ շուտ,   ուտելուց առաջ անհրաժեշտ է  լվանալ օճառով ու տաք ջրով, հանել կորիզները, մանրացնել...  մինչև 3 տարեկան երեխաներին  խորհուրդ է տրվում    50-100 գ.  ձմերուկ, իսկ  3-6  տարեկաններին՝  100-200 գ.: 

30.06.2013

Խաղալիքների աշխարհում

  Իտալացի լուսանկարիչ  Գաբրիել Գալիմբերտին  մոտ 18 ամիս ճանապարհորդել է  ու լուսանկարել տարբեր ազգերի երեխաների  իրենց խաղալիքների հետ,  որպեսզի  իրականացնի  §խաղալիքների պատմությունը¦նախագիծը: 
  Տարբեր երկրներում երեխաները տարբեր են խաղում ու տարբեր վերաբերվում իրենց խաղալիքներին. հարուստ երկրներում երեխաները   սովորաբար  ավելի շատ խաղալիք են ունենում  և ավելի շատ են կապված իրենց խաղալիքների հետ. սկզբում նրանք ընդհանրապես չեն թողնում մոտենալ իրենց խաղալիքներին  ու մեծ դժվարությամբ են թույլ տալիս խաղալ իրենց հետՄինչդեռ աղքատ երկրներում շատ ավելի հեշտ էր. ունենալով մի քանի խաղալիք՝ այնտեղ երեխաները անմիջապես թույլ էին տալիս վերցնել ու խաղալ իրենց խաղալիքներով:

  Ներկայացնում ենք Գալիմբերտիի  լուսանկարներից մի քանիսը.

   Զամբի


    Մալավիա


   Ֆիլիպիններ


   Շվեդիա



    Թաիլանդ

    Լատվիա


    Տեխաս


    Բոցվանա



    Զանզիբար


  Լինելով բազմաթիվ հարուստ երկրներում և լուսանկարելով բազմաթիվ հարուստ ընտանիքների երեխաների խաղալիքները՝  միևնույն է,  Գալիմբերտին   շատ կզարմանար, եթե  լիներ նաև Հայաստանում.   հայ երեխաների խաղալիքների քանակը պարզապես ռեկորդային է...



21.06.2013



 Դու իմ սիրելի արջուկն  ես




  Գրեթե յուրաքանչյուր երեխա ունենում է շատ սիրելի մի փափուկ խաղալիք՝ շունիկ, արջուկ, բադիկ կամ մեկ ուրիշ մի բան, որի հետ է անցկացնում իր օրվա մեծ մասը: Նրանք խաղում են միասին, ուտում միասին, լողանում միասին, քնում միասին...  Երեխան չի  ուզում բաժանվել իր խաղալիքից.  խնամում է նրան, տանում զբոսանքի, զրուցում հետը:
  Մի քանի տարի անց ձեր փոքրիկի խաղալիքը շատ հնամաշ կլինի՝ առանց ականջի կամ քթի,  պատառոտված, քրքրված...  Ամեն դեպքում, մի շտապեք այն դեն նետել՝ անգամ եթե  երեխան այլևս չի խաղում նրանով.   չէ որ նա ձեր փոքրիկի    առաջին ընկերն  էր  ու մանկության ուղեկիցը:

18.06.2013

  Ծնվել է ձեր առաջնեկը, և դուք անչափ երջանիկ եք…  սակայն  փոխարենը  լիովին  վայելելու այդ հրաշք պահերը՝  դուք սկսում եք անհանգստանալ ու լարվել.  ինչպես եմ խնամելու իմ բալիկին, ինչպես եմ կերակրելու, դաստիարակելու…  վայ, հանկարծ չմրսի, չհիվանդանա, քաղցած չմնա…    Սրանք հարցեր են, որ հուզում են գրեթե յուրաքանչյուր մայրիկի:  Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հեշտ. պարզապես պետք է անկեղծ լինեք ու բնական: Կարելի է խորհուրդներ հարցնել արդեն փորձառու մայրիկներից, մանկաբույժներից, հոգեբաններից,  բայց միշտ հիշեք՝ ձեզնից լավ ոչ ոք չի ճանաչում ձեր փոքրիկին:  

31.05.2013

 Երեխաների  Միջազգային  Օրը.

 հունիսի մեկ


 Հունիսի մեկը  ամռան առաջին օրն է,   իսկ մի շարք    երկրներում այդ օրը  նշվում է    Երեխաների Օրը,  որը Հայաստանում  հայտնի է՝ որպես Երեխաների Պաշտպանության Օր:  Այս գեղեցիկ տոն-ավանդույթի հիմքը դրվել է   1949 թ.-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Կանանց  Միջազգային Դեմոկրատական Ֆեդերացիայի կողմից ,  և սկսել է նշվել   1950 թ.-ից:

  Երեխաների Միջազգային Օրն ունի նաև իր դրոշը.  կանաչ ֆոնի վրա երկրագունդն է՝ շրջապատված կանաչ, կապույտ, դեղին, սպիտակ և սև մարդուկներով, որոնք խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է, իսկ կանաչը  համարվում է  ներդաշնակության, թարմության, աճի և պտղաբերության գույն:
  Այդ օրը սովորաբար անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ ու հետաքրքիր ծրագրեր՝  նվիրված երեխաներին՝ մեր մոլորակի ամենափոքրիկ բնակիչներին:
Այդ օրը նաև հնարավորություն է տալիս մարդկանց  կրկին ու կրկին  մտածել երեխաների իրավունքների մասին.  չէ որ յուրաքանչյուր երեխա ունի ժպտալու իրավունք, անհոգ ու երջանիկ մանկություն ունենալու իրավունք:

26.05.2013

 

Սև հաղարջն անհրաժեշտ է



  Մոտենում է մրգերով ու բանջարեղենով լի սեզոնը:  Որպես կանոն, երեխաները նախընտրում են  հատապտուղները,  որոնցից օգտակարության առումով  կարելի է առանձնացնել   սև հաղարջը:       Վիտամիններով հարուստ այս հատապտուղը առաջատար է հատկապես C  վիտամինի պարունակությամբ: Սև հաղարջի կոմպոտ կարելի է  տալ  երեխային  արդեն   6-7  ամսեկանից: Իսկ որպեսզի պահպանվեն վիտամինները ամբողջությամբ, պետք է  հատապտուղները լցնել եռացող ջրի մեջ՝ նախապես ավելացնելով մի փոքր շաքարավազ, և  առանց եռացնելու  անմիջապես վերցնել կրակից:   Կաթսայի բերանը փակել և թողնել 40 րոպե. ձեր փոքրիկի   կոմպոտը պատրաստ է...  

25.05.2013


  Պատրաստվում ենք դպրոցին


Եթե ձեր երեխան պատրաստվում է դպրոց հաճախել,  և  դուք  չգիտեք՝ արդյոք նա պատրաստ  է, թե ոչ, կարող եք  օգտվել   հետևյալ   մեթոդիկայից՝  պարզելու վերջինիս ընդհանուր կողմնորոշումը շրջակա աշխարհում:  Պարզապես  անհրաժեշտ է երեխային տալ տասը հարց  և ակնկալել ճիշտ պատասխաններ բոլոր հարցերի  համար: Ի դեպ յուրաքանչյուր հարցին տրվում է ոչ ավել, քան երեսուն վայրկյան:  Եվ այսպես, սկսեցինք.
  1.   Ինչ է քո անունը      
  2.   Քանի տարեկան ես դու       
  3.   Ինչ են քո ծնողների անունները   
  4.  Ինչպես է կոչվում այն քաղաքը, որտեղ դու ապրում ես 
  5.  Ինչպես է կոչվում այն փողոցը, որտեղ դու ապրում ես
  6.  Ինչպես է ձեր տան, բնակարանի համարը  
  7.  Ինչ կենդանիներ դու գիտես.  որոնք են դրանցից վայրի և որոնք՝ տնային 
  8.  Տարվա որ եղանակին են  ծառերը ծաղկում,  և որ եղանակին են  տերևները  թափվում
  9. Ինչպես է կոչվում օրվա այն պահը, երբ դու արթնանում ես,  ճաշում ես, քնում ես
  10. Թվարկիր  հագուստի  մի քանի  տեսակներ և խոհանոցային իրեր, որոնցից դու օգտվում ես:              
  Տասը միավոր հավաքելու դեպում  համարեք, որ ձեր երեխան լիովին պատրաստ է   ընկալելու դպրոցական ծրագիրը:  Իսկ եթե անգամ թերի  կամ ոչ ճիշտ պատասխաններ է տվել, մի մտահոգվեք.  կարող եք հիմա սովորեցնել…

23.05.2013

Ամերիկյան դաստիարակության առանձնահատկությունները


   Ամերիկյան դաստիարակությունը, լինելով ամենադեմոկրատականը,  ընդունում է  երեխայի և մեծի հավասարաթյունը:  Երեխային պետք է վերաբերվել որպես մեծի, քանի որ նա անհատականություն է  և ունի սեփական կարծիք, որը պետք է հարգել: Այս խիստ սկզբունքը, սակայն, շատ դեպքերում առաջ է բերում  կոնֆլիկտ  ծնող-երեխա հարաբերություններում, քանի որ  այն ոչ թե ամերիկացի ծնողների  իրական կամքն է, այլև   պետության պարտադրանքը:  Իզուր չէ ասված, որ ԱՄՆ-ում  յուրաքանչյուր  երեխայի դաստիարակության համար  պատասխանատու է ոչ այնքան ծնողը, որքան պետությունը: Ծնողն իրավունք չունի երեխային պատժել, վիրավորել և անգամ համեմատել ուրիշ երեխաների հետ:  Պատժի միակ միջոցն այնտեղ համարվում  է   հանգստի աթոռը,  որի վրա լուռ պետք է նստի երեխան՝ ընդունելով իր մեղքը. իհարկե, պատժելուց առաջ ծնողը պարտավոր է    զրուցել  երեխայի հետ,  բացատրել ու վերլուծել   նրա սխալ արարքը:   Պատժի այլ միջոցներ կիրառելու դեպքում  ծնողները կարող են քրեորեն պատժվել: 
  Եվ այսպես, ամերիկացի երեխան ազատ է իր որոշումներում, ազատ իր գործողություններով ու վարքով, և,   ընդհանրապես,   ազատ անհատ է:  Ամերիկյան ազատությունը չի սահմանափակվում ոչ սեռով, ոչ տարիքով.  ազատ երեխան հետագայում դառնում է ազատ քաղաքացի, ազատ անհատականություն՝ ազատ ստեղծագործական մտածելակերպով:  
  Սակայն մի բան պարզ է. ամերիկյան դաստիարակությունը կարելի է կիրառել միայն ամերիկյան հասարակությունում...  մեր հասարակության հետ այն գրեթե անհամատեղելի է:

22.05.2013




Ձեր փոքրիկի օրագիրը


 Ուզու՞մ եք  հետագայում  հիշել ձեր փոքրիկի  բոլոր  ձեռքբերումները,  ուրախության պահերը,          մանկական չարաճճիությունները...  Ուրեմն մի՛ զլացեք, և գրի առեք երեխայի ամեն մի օրը՝  դարձնելով այն մանկության հուշ:

  ...Երբ հանեց առաջին ատամը, երբ արեց առաջին քայլերը, երբ ասաց առաջին բառը, ինչ էր սիրում ուտել, ինչով էր խաղում, ինչպես էր քնում, ինչպես էր խոսում...  Գրանցեք երեխայի օրագրում  ամեն ինչ՝ չմոռանալով նաև պատվաստումների,   հիվանդությունների  ու  բուժումների մասին:
  Օրագիր պահելը  հիանալի միջոց է միշտ հիշելու ձեր բալիկի մանկությունը:  Շատ հետաքրքիր և օգտակար է հատկապես, երբ  երկրորդ ու երրորդ երեխաների ծնվելուց հետո կարդում եք  առաջնեկի օրագիրն ու համեմատում:  Մանրամասն գրեք  նաև  երեխայի  արտասանած բառերն ու առաջին նախադասությունները, նրա տված հարցերն ու արած դատողությունները:     Այդ ամենը շատ զվարճալի  կլինեն  մի քանի տարի հետո ոչ միայն ձեզ համար, այլև ձեր երեխաների:  Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ կարդալ նրանց համար  իրենց   մանկության պատմությունները:  Պարզապես  հնարավոր չէ նկարագրել, թե ինչպիսի հիացմունքով,   ոգևորությամբ   ու խանդավառությամբ են լսում  ձեզ, և ինչքան լավ են զգում, որ  իրենք  այլևս փոքր չեն ու արդեն  մեծ  են:  

21.05.2013


Երաժշտություն հղի կանանց համար



 Մեր օրերում հաճախ կարելի է լսել  հղիության ընթացքում  դասական երաժշտության դրական ազդեցության մասին:  Եվ իզուր չէ, որ ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում հաճախակի լսել դասական երաժշտություն.  այն  օգնում է ոչ միայն հաղթահարել ամեն տեսակի դժվարություններն ու հանգստացնել  հղի կնոջ  լարված ու գրգռված նյարդերը՝ ապահովելով վերջինիս լավ տրամադրություն ու հանգիստ  հոգեվիճակ,  այլև նպաստում է փոքրիկի հետագա  նորմալ, բնականոն զարգացմանը, ինչու չէ, նաև օգնում ձևավորել երաժշտական ճաշակ:  Իսկ երեխան ընդունակ է երաժշտություն լսել  դեռ չծնված: Ուստի պարգևենք մեր փոքրիկին  հաճելի ու խաղաղ տրամադրություն...  Ի դեպ, շատ կարևոր է նաև հեղինակների ճիշտ ընտրությունը. հոգեբանները պնդում են, որ Բրամսն ու Բեթհովենը գրգռում են  պտուղը, իսկ, օրինակ, Վիվալդին ու Մոցարտը՝ հանգստացնում:  Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում   մի  ցուցակ` կազմված այնպիսի ստեղծագործություններով, որ  խորհուրդ է տրվում լսել հենց հղիության ընթացքում.
  • Մոցարտի, Հայդնի, Շոպենի ստեղծագործությունները 
  • Վիվալդի, Տարվա եղանակները
  • Չայկովսկի, Կարապի լիճը, Քնած գեղեցկուհին
  • Շտրաուս, Ալպիական հեքիաթ
  • Գլինկա, Ռուսլանը և Լյուդմիլան
  • Դեբյուսսի, Լուսնի լույսը
  • Արամ Խաչատրյան, Դիմակահանդես
Իսկ եթե ձեզ համար ծանր է ունկնդրել դասական հեղինակների  ստեղծագործությունները, ապա ձեզ մի ստիպեք,  պարզապես կարող եք այն փոխարինել ձեր նախընտրած մեկ այլ երաժշտական ոճով, կամ պարզապես վայելել բնության ձայները. տերևների խշխշոց, անձրևի կաթիլներ, ծովի խշշոց, թռչունների ծլվլոց, դելֆինների երգ և այլն:




  Մեր օրերում հաճախ կարելի է լսել  հղիության ընթացքում  դասական երաժշտության դրական ազդեցության մասին:  Եվ իզուր չէ, որ ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում հաճախակի լսել դասական երաժշտություն.  այն  օգնում է ոչ միայն հաղթահարել ամեն տեսակի դժվարություններն ու հանգստացնել  հղի կնոջ  լարված ու գրգռված նյարդերը՝ ապահովելով վերջինիս լավ տրամադրություն ու հանգիստ  հոգեվիճակ,  այլև նպաստում է փոքրիկի հետագա  նորմալ, բնականոն զարգացմանը, ինչու չէ, նաև օգնում ձևավորել երաժշտական ճաշակ:  Իսկ երեխան ընդունակ է երաժշտություն լսել  դեռ չծնված: Ուստի պարգևենք մեր փոքրիկին  հաճելի ու խաղաղ տրամադրություն...  Ի դեպ, շատ կարևոր է նաև հեղինակների ճիշտ ընտրությունը. հոգեբանները պնդում են, որ Բրամսն ու Բեթհովենը գրգռում են  պտուղը, իսկ, օրինակ, Վիվալդին ու Մոցարտը՝ հանգստացնում:  Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում   մի  ցուցակ՝   կազմված   հենց ապագա մայրերի համար.
  • Մոցարտ, սիմֆոնիա  40
  • Վիվալդի, Տարվա եղանակները
  • Չայկովսկի, Կարապի լիճը, Քնած գեղեցկուհին
  • Շտրաուս, Ալպիական հեքիաթ
  • Գլինկա, Ռուսլանը և Լյուդմիլան
  • Հայդն, սիմֆոնիա  5
  Իսկ եթե ձեզ համար ծանր է դասական երաժշտություն ունկնդրելը, մի ստիպեք ձեզ. պարզապես կարելի է այն փոխարինել  ձեր նախընտրած մեկ այլ երաժշտական ոճով՝ թեթև ու հանգիստ: Կամ  պարզապես վայելեք բնության ձայները. անձրևի  կաթիլներ, ծովի  խշշոց, թռչունների  ծլվլոց, դելֆինների երգ  և այլն: 

20.05.2013

Ճապոնական դաստիարակություն  


Երեխայի ծնվելուց հետո յուրաքանչյուր ծնող սկսում է մտածել դաստիարակության մասին. ինչպես վարվել երեխայի հետ, ինչ մեթոդներ կիրառել,  պատժել, թե խրախուսել, թույլատրել, թե արգելել...

19.05.2013


Երեխաները մեր ապագան են...  իսկ մենք ուզում ենք ունենալ պայծառ ու լուսավոր ապագա: